+374 60 478989

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

21 Մարտի, 2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից 2019թ․-ի մարտի 4-ին https://www.e-draft.am կայքում շրջանառության մեջ են դրվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Նշված ոլորտում ծառայությունների մատուցման ընթացքում Կազմակերպության կողմից բազմիցս արձանագրվել են մի շարք խնդիրներ (օտարերկրացիների համար ծառայությունների հասանելիություն, ինքնաթեստավորման հետ կապված հարցեր, թեստավորում իրականացնելու իրավունք և վայր․․․), որոնք գրավոր ներկայացվել են ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Արդարադատության նախարարություն և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից 2019թ․-ի մարտի 4-ին https://www.e-draft.am կայքում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը սպասված էին։

Միաժամանակ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ներկայացնում է որոշ մտահոգություններ կապված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ նաև Նախագիծ) հետ

1. Հատված նախագծի հոդված 1-ից․ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը, բուժումն և մոնիթորինգն իրականացնում են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական  կազմակերպությունները (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ)»: 
Կարծում ենք, Նախագծում լիցենզիա ունենալու պահանջը, որը բխում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից (լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը) խոչընդոտներ է ստեղծում ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր իրականացնող այն Հասարակական Կազմակերպությունների համար, որոնք չունեն համապատասխան լիցենզիա։ Նմանատիպ կազմակերպություններն աշխատում են բնակչության առավել խոցելի խմբերի հետ, որոնք շատ հաճախ գաղտնիության նկատառումներից ելնելով, խուսափում են  հետազոտություն անցնել այլ վայրերում։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թեստավորման տեսակների առանձնահատկություններին (ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն արագ թեստերի միջոցով, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն արագ թեստերի միջոցով) և հատուկ մոտեցում ցուցաբերել դրանց իրականացման թույլտվությունների հարցում։

Առաջարկում ենք՝

  • Փոփոխության ենթարկել ինչպես առաջարկվող Նախագծի, այնպես էլ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները։
  • Նախագծում առկա բժշկական կազմակերպություն բառերին ավելացնել «խորհրդատվություն և/կամ թեստավորում իրականացնող կազմակերպություններ» բառերը։

2. Հատված նախագծի հոդված 6-ից․ ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետոզոտության արդյունքը, ինչպես նաև ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից կարող է տրամադրվել.

1) հետազոտվող անձին.

2) մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասի ծնողին կամ օրինական ներկայացուցչին,  14-ից բարձր անձանց դեպքում` հետազոտվողին:

Այս մասով առաջարկում ենք ավելացնել ևս մեկ կետ

3) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր իրականացնող, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և/կամ թեստավորում իրականացնող, անձանց բժշկական հաստատություններ ուղղորդող կազմակերպություններին՝ անձի գրավոր համաձայնության հիման վրա։

3. Հատված նախագծի հոդված 6-ից․ ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում այդ կարգավիճակի մասին բժշկական կազմակերպության բժիշկը կարող է ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնել հետևյալ դեպքերում`

… 2) երբ ՄԻԱՎ վարակակրի և բժշկական կազմակերպության բժշկի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ ամուսնուն կամ զուգընկերոջը որոշված տեղեկացման ժամկետը ավարտվել  է և ՄԻԱՎ վարակակրի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայանում ՄԻԱՎ կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու  համար, ապա բժիշկը, ըստ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի կողմից ներկայացված կոնտակտային տվյալների,  տվյալ անձին և ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման։

Կարծում ենք Նախագծում վերոնշյալ կետի նախատեսումը խախտում է ՄԻԱՎ-ով ապրող անձի արժանապատվությունը,  մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը։

Նույն հոդվածի այլ մասի համաձայն ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում անձը, բժշկական կազմակերպության բժշկի կողմից գրավոր տեղեկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման կանխարգելման կանոնների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև այլ անձին ՄԻԱՎ-ով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխաատվության վերաբերյալ: Հետևաբար անձը տեղեկացվում է հնարավոր հետևանքների մասին և կրում պատասխանատվություն։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (այսուհետ նաև ՆՍՀԿ) շուրջ 20 տարի իրականացնում է իրավապաշտպան գործունեություն, առավելապես աշխատելով հասարակության խոցելի խմբերի հետ (նախկին դատապարտյալներ, ԼԳԲՏ+ անձինք, ԹՆՕ-ներ, ԿՍԿ-ներ և այլք)։ Կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, փաստաբանական ծառայություն։ ՆՍՀԿ-ի գրասենյակում ավելի քան 3 տարի իրականացվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար խորհրդատվություն և լնդային տրանսուդատի միջոցով թեստավորում: