+374 60 478989

«Նոր Սերունդ» ՀԿ-ն ընդդեմ ․․․ Առաջիկա դատական նիստերի ժամանակացույց

20 Մայիսի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ դատական տարբեր ատյաններում ունի քննվող քաղաքացիական, վարչական և քրեական գործեր, որոնք կապված են մասնավորապես Կազմակերպության վերաբերյալ զրպարտությունների, պետական մարմինների կողմից գրություններին պատշաճ կարգով չպատասխանելու և Կազմակերպության աշխատակիցներին ու շահառուներին խտրականության, բռնության և գույքային վնաս պատճառելու դեպքերի հետ։

Այսպես, ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա դատական նիստերի ժամանակացույցին․

1. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Հրապարակ օրաթերթի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցադիմում։

2019թ․-ի ապրիլի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Գործով նախնական դատական նիստ դեռևս չի նշանակվել։

2․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Գևորգ Պետրոսյանի, «Հանուն ազգային արժեքների պահպանման» ՀԿ-ի, «ՀԱՅՔ» քաղաքացիական նախաձեռնության, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայցադիմում։

2019թ․-ի ապրիլի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Գործով նախնական դատական նիստ դեռևս չի նշանակվել։ Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում։

3․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ եռօրյա ժամկետում հայցվորի՝ 29.01.2019թ. թիվ NG-02-015-1901 գրությանն ըստ էության պատասխանելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմում։

ՀՀ Վարչական դատարանը վարչական գործով հրավիրել է նախնական դատական նիստ 2019թ-ի հունիսի 04-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում։

4․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի հայցադիմումն ընդդեմ Ոստիկանության` պատասխանողին եռօրյա ժամկետում հայցվորի 29.11.2018 թվականի թիվ NG-03-096-1811 գրությանն ըստ էության պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

ՀՀ Վարչական դատարանը նշանակել է վարչական գործով դատաքննություն 2019թ․-ի հունիսի 20-ին։

5․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ժ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով` 2 (երկու) դրվագով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատական քննության հաջորդ  նիստը կկայանա 2019թ․-ի մայիսի 31-ին, ժամը 14։00-ին։

6․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ա․Ա․-ի, Ս․Պ․-ի և Ա․Ս․-ի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիր Կազմակերպությունը դեռևս չի ստացել։