+374 60 478989

Ընտանիքի անդամները խոչընդոտում են աղջկա ազատ տեղաշարժին

20 Մայիսի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿՆորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն ծրագրի շահառուներին։ Ծրագրի շահառուների իրավունքների ոտնահարման դեպքերի հիմքում ընկած է խտրականությունը՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։

Ստորև ներկայացվում է մարդու իրավունքների սահմանափակման մեկ օրինակ․

Շահառու Ս․ Խ․-ն չափահաս, նույնասեռական անձ է։ Նա որոշում է կայացրել հեռանալ հայրական տնից,  սակայն ընտանիքի անդամները խոչընդոտում են նրա ազատ տեղաշարժին և պարբերաբար բռնություն գործադրում նրա նկատմամբ։ Ընտանիքի անդամների հիմնական պահանջը աղջկան ամուսնացնելն է, որին, սակայն Ս․ Խ․-ն դեմ է։

Շահառուի խնդրին ի պատասխան իրավաբանի կողմից մեկնաբանվել է, որ ծնողների արարքները առաջին հայացքից կրում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ)։

Ակնհայտ են նաև ընտանեկան բռնության հատկանիշներ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանմանը։

Ցավոք, ինչպես շատ անձինք, այդպես էլ Ս․Խ․-ն խուսափեց օգտվել իրավական պաշտպանության միջոցներից, վախենալով, որ կենթարկվի կրկնակի խտրականության իր սեռական կողմնորոշման հիմքով։