+374 60 478989

Եթե հարկ լինի, կպատմեմ նաեվ իմ ընկերներին դասընթացի եվ ստացած գիտելիքների մասին

09 Հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 4-6  ԼԳԲՏ համայնքի 8 ներկայացուցիչ և համախոհ մասնակցեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված եռօրյա սեմինարին։   

«Այս դասընթացը ինձ տեղեկություն տվեց առաջնորդության վերաբերյալ։ Ունենալով իմ փորձը և ստանալով նոր հմտություններ դասընթացավարից՝ հարստացրի գիտելիքներս հենց օրինակների վրա։

Հանրային խոսքի մասին ինֆորմացիա ընդհանրապես չունեի և շնորհակալություն եմ հայտնում Հմայակ Ավետիսյանին, ում թեթև ձեռքով տիրապետեցի հանրային խոսքի գաղտնիքներին։

Բացի գիտելիքը, այս սեմինարը նպաստեց նոր շփումների ձևավորմանը, նոր մարդկանց ճանաչելու և ընկերներ ձեռք բերելու հարթակ դարձավ»,-ասում է մասնագիտությամբ թարգմանիչ, հյուրանոցային սպասարկման ոլորտի մասնագետ Յուլիյա Հակոբյանը, որը պարբերաբար մասնակցում է ՆՍՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներին։

«Պարբերաբար դիմում եմ դասընթացներին, քանի որ բոլոր սեմինարների շրջանակներում  խոսվում է արդիական խնդիրներից, կոնկրետ խնդիրներից, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, մասնակցում եմ՝ այդ խնդիրներին մարտահրավեր նետելու հարցում իմ ներդրումը ունենալու համար»,-ասում է 25-ամյա Յուլիյան՝ հավելելով, որ դասընթացից ստացած գիտելիքները կկիրառի իր անձնական փորձում և մասնագիտական կյանքում։

«Եթե հարկ լինի, կպատմեմ նաև իմ ընկերներին դասընթացի և ստացած գիտելիքների մասին»,-եզրափակում է դասընթացի մասնակիցը։

Դասընթացավար Հմայակ Ավետիսյանը ևս կարծում է, որ դասընթացի բոլոր թեմաները, արդիական էին ու պետքական․  «Նրանք բոլորը ԼԳԲՏ ակտիվիստներ են, հավասարության կողմնակիցներ ու ջատագովներ, իսկ մեր նպատակը նրանց մեջ առաջնորդական հմտություններ ձևավորելն է, որպեսզի հետագա գործունեության ընթացքում կարողանան իրապես աջակցել ԼԳԲՏ համայնքի կայացմանը։ Հանրային խոսքի հմտությունները կարևորագույն բաղադրիչ է ցանկացած բնագավառում, իսկ ռազմավարական պլանավորման հիմքը որոշումների կայացումն է։ ԼԳԲՏ համայնքը հաճախ է հանդիպում որոշումներ կայացնելու խնդրին, ուստի գաղափարներ գեներացնելու միջոցների ուսումնասիրությունը առավել քան կիրառելի է»։

Հմայակն ավելի շատ կաևորում է  միջավայրը, վերաբերմունքը, հետո նոր բովանդակությունն ու կազմակերպվածությունը։ Այս դասընթացը աչքի ընկավ ոչ միայն թեմաների նպատակային փոխանցմամբ և մասնակիցների մոտ հմտությունների ձևավորմամբ, այլև ազատ ու ապահով տարածք ձևավորելու՝ մասնակիցների ճիգերով և ցանկությամբ։ Խումբը առանձնանում էր իրար հանդեպ հոգատարությամբ, առանձնակի հարազատ ու ջերմ վերաբերմունքով։«Նրանք ոչ միայն իրար հանդեպ էին սիրալիր ու համբերատար, այլև բնության, «Բու տան» (այն տունը, որտեղ հանգրվանել  էին մասնակիցները), շրջակա միջավայրի հանդեպ։ Մասնակիցները մինչև անգամ իրար համար թեյ էին պատրաստում, կերակրում էին, ծածկոց էին գցում միմյանց վրա։ Այս ամենը տեսնելը, ինչ խոսք, հաճելի էր»։ Եռօրյա դասընթացի շրջանակներում մասնակիցները սովորեցին հանրային խոսքի հմտություններ, առաջնորդություն, ռազմավարական պլանավորում, հանրային միջոցառումների կազմակերպում։

Դասընթացի եզրափակիչ հատվածը նվիրված էր  ծրագրային հաշվետվողականության թեմային, որը ներկայացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։  Մասնակիցները զարգացրին իրենց առաջնորդական կարողություններն ու հմտությունները տեսական նյութի, ինչպես նաև թիմային և անհատական խաղերի, մրցույթների միջոցով։

 «ԼԳԲՏ ներկայացուցիչների կարողությունների զարգացում ԼԳԲՏ ակտիվիզմի և հաշվետվողականության ոլորտներում» դասընթացն անցկացվում էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ  իրականացվող  «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում  ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։